18:17  ,  1 փետրվարի, 2013

Դերենիկ Գաբրիելյան. Վլադիմիր Ենգիբարյանը լեգենդ էր ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային սպորտում

«Ես ուրախ եւ երախտապարտ եմ, որ Վլադիմիր Ենգիբարյանի աշակերտն եմ: Նա եղել է ու միշտ կմնա իմ ուսուցիչը: 80-ամյակի կապակցությամբ Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ Վլադիմիր Ենգիբարյանը չէր ցանկանում վերադառնալ ԱՄՆ: Կարծես՝ զգում էր, որ հայրենիք այլեւս հետ չի գալու»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱՕԿ փոխնախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ 80 տարեկանում մահացել է բռնցքամարտի օլիմպիական Վլադիմիր Ենգիբարյանը, որը բնակվում էր ԱՄՆ-ում։

«Հայկական մարզաշխարհի եւ մասնավորապես հայկական բռնցքամարտի համար Վլադիմիր Ենգիբարյանի մահը մեծ կորուստ է: Նա լեգենդ էր ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային սպորտում: Նա այն մարդն է եղել, ով կարողացել է այն ժամանակվա մարզիչներին համոզի, որ բռնցքամարտը կռիվ չէ, դա ուղղակի վարպետություն է: Նա ապացուցել է, որ խաղային բռնցքամարտը վեր է ուժային բռնցքամարտից: Նա սիրողական բռնցքամարտում իր մարզիչի հետ մեծ ռեֆորմ արեց` ընդդեմ ուժային բռնցքամարտի: Նա քարոզեց տակտիկայի, տեխնիկայի բռնցքամարտ, որի արդյունքում դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն, Սովետական Միության եւ ամենակարեւորը՝ Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն: Հետագայում էլ, 14 տարի նա միջազգային բնռցքամարտի մրցավարական հանձնաժողովի անդամ էր: Կարողացավ մեծ ժառանգություն թողնել մեզ: 1959 թվականին, թողնելով մեծ սպորտը, այն ժամանակվա սպորտի ղեկավարությանը համոզեց, որ իր անվան դպրոցը բացվի, որի արդյունքում շատ շատերս, այդ թվում նաեւ ես, դարձանք այդ դպրոցի եւ Վլադիմիր Ենգիբարյանի սաները: Երախտապարտ ենք, որ նա եղել է եւ մեզ ուսուցանել է բռնցքամարտի գաղտնիքները:

Մեր վերջին զրույցի ժամանակ, երբ Վլադիմիր Ենգիբարյանը Հայաստանում էր` իր 80-ամյակը նշելու կապակցությամբ, նա  չէր ցանկանում վերադառնալ ԱՄՆ: Չգիտեմ` ինչու, գուցե զգում էր, որ ԱՄՆ-ից այլեւս հետ չի գալու: Նա ապրիլի 24-ի ծնունդ էր եւ չհասցրեց բոլորել իր 81-ամյակը: Ուզում էր մնալ Հայաստանում: Այսօր խորը ցավ եմ ապրում, եւ իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին եւ հարազատներին:

Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին տեղեկացրել ենք միջազգային ֆեդերացիային, Ռուսաստանի, Ուկրաինային ֆեդերացիաներին, բոլոր այն մարդկանց եւ կազմակերպություններին, ովքեր ճանաչել են մեր լեգենդար մարզիկին: Թող բոլորը տեղյակ լինեն, որ բռնցքամարտը մեծ կորուստ տարավ: Ես նրան միշտ եւ հիմա համարում եմ իմ ուսուցիչը»,- նշեց Դերենիկ Գաբրիելյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով