16:08  ,  1 փետրվարի, 2013

Սպորտի նախարար. Վլադիմիր Ենգիբարյանի մահն անդառնալի կորուստ է հայկական մարզաշխարհի համար

«Վլադիմիր Ենգիբարյանի մահն անդառնալի կորուստ է հայկական մարզաշխարհի համար: Սա իսկապես մեծ կորուստ է եւ ցավ բոլորիս համար: Նա մեծ դեր է ունեցել հայկական մարզաշխարհի, հայկական բռնցքամարտի զարգացման մեջ եւ սկսնակ եւ գործող բռնցքամարտիկների համար համար եղել օրինակելի»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 1-ի առավոտյան, Լոս Անջելեսում 80 տարեկանում մահացել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Լեգենդար բռնցքամարտիկը ծնվել է 1932թ. ապրիլի 24-ին Երեւանում: 1959թ. հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչեւ 1995-ը, երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:

Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան էջում իր ցավակցությունն է հայտնել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ:

«Հոգու մեծ կսկիծով տեղեկացա իմ ավագ ընկեր, լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին: Անդառնալի է նրա մահը հայկական մարզաշխարհի համար: Իր մեջ կրելով մարզիկին բնորոշ արդարամտությունը եւ օժտված լինելով մարդկային մեծ արժանիքնեով, նա հասել է մարզիկի համար բարձրագույն տիտղոսին՝ դառնալով օլիմպիական չեմպիոն: Հայ ազգը մշտապես երախտապարտ է լինելու նրան մարզական այդ մեծ նվաճման համար:

Անկեղծորեն ցավակցում եմ Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքի բոլոր անդամներին, հայտնում նրանց իմ զորակցությունը եւ ցանկանում հոգու արիություն ու կամք՝ դիմակայելու կորստի անսահման ցավին»,- գրել է Հրաչյա Ռոստոմյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում  Հրաչյա Ռոստոմյանն ավելացրեց.

«Վլադիմիր Ենգիբարյանի կորուստը հայկական մարզաշխարհի համար անդառնալի է: Նա մեծ դեր եւ ներդրում ուներ հայկական սպորտում: Սա իսկապես մեծ կորուստ է եւ ցավ բոլորիս համար: Վստահ եմ, որ Վլադիմիր Ենգիբարյանի փառավոր հետքերով մեր մարզիկներից շատերը դեռ կգնան, եւ որպես օրինակ՝ շատերը, նրա անունը եւ պատիվը բարձր պահելով, կբարձրացնեն Հայաստանի դրոշը օլիմպիական մրցահարթակներում: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Այդ առումով միանշանակ աշխատանքներ կտարվեն, միայն թե այս պահին մենք ցավում ենք նրա կորստի համար»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Վլադիմիր Ենգիբարյանի հուղարկավորությունը տեղի կունենա  ԱՄՆ-ում,  իսկ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ին, հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով