13:40  ,  1 փետրվարի, 2013

ՀԱՕԿ նախագահ. Վլադիմիր Ենգիբարյանին համարում էին համաշխարհային բռնցքամարտի հեղափոխական

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել 80 տարեկանում մահացած բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին։

Սրտի խոր ցավով տեղեկացա  կաշվե ձեռնոցի  անզուգական վարպետ, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին: Նրան համարում էին համաշխարհային բռնցքամարտի հեղափոխական, քանզի առաջինն էր, ով կոպիտ ուժին եւ բիրտ հարվածների փոխանակմանը  հակադրեց նուրբ տեխնիկա  եւ  ռինգում տեղաշարժվելու յուրատեսակ ոճ: Նա  միայն  իրեն բնորոշ վարպետությամբ  եւ խոսուն հաղթանակներով  համաշխարհային մարզասերին է ներկայացրել բռնցքամարտի հայկական դպրոցը եւ տարածել նրա փառքը:

Հազարավոր այն պատանիներից մեկն եմ եղել, ում բախտ է վիճակվել լինել նրա հիմնադրած ու ղեկավարած մարզադպրոցի սանը, հաճախ ունկնդրել նրա մասնագիտական դասերը, ականատեսը լինել նրա ցուցադրած տեխնիկատակտիկական տարրերին:

Անձամբ իմ եւ հայոց մարզաշխարհի մարդկանց անունից խորապես ցավակցում եմ Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին:

 Գագիկ Ծառուկյան

ՀԱՕԿ նախագահ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում