22:14  ,  5 մայիսի, 2024

Ֆուտզալի ՉԼ Երեւանում․ «Պալման» եզրափակիչում հաղթեց «Բարսելոնային» (ֆոտո)

Իսպանական «Պալմա» թիմը Երեւանում հաղթեց «Բարսելոնային» եւ դարձավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաղթող: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում «Պալման» «Բարսելոնային հաղթեց 5:1 հաշվով: Խաղն ավարտվեց հիմնական ժամանակում:

Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց «Բարսելոնայի» 8 համարի խաղացող Ադոլֆոն:  18-րդ րոպեին «Պալման» հաշիվը հավասարեցրեց: Գոլի հեղինակ դարձավ Ռոմուլոն: «Բարսելոնան» բողոքարկեց, բայց մրցավարները գոլը գրանցեցին:

«Պալմայի» 6 համարի խաղացող Վիլիան Լաուրենցոն խփեց թիմի երկրորդ գոլը: Թիմերը գնացին հանգստի 2:1 հաշվով՝ «Պալմայի» առավելությամբ:

Երկրորդ խաղակեսն ավելի լարված անցավ, իրար հաջորդող գրոհներով: Այս խաղակեսում մի քանի սեյվերով աչքի ընկավ «Պալմայի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը:

Հանդիպման 33-րդ րոպեին «Պալմայի» երրորդ գոլը խփեց 17 համարի խաղացող Նեգուինոն:

Խաղի 38-րդ րոպեին հանդիպման մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց «Բարսելոնայի» դարպասապահին: Խաղի վերջին րոպեին «Պալման» 4-րդ գոլը խփեց, որն իրացրեց երկրորդ համարի խաղացող  Չագուինան: Վերջին վայրկյանին «Պալմայի» 17 համարի խաղացող Նեգուինոն դուբլ գրանցեց եւ հաշիվը դարձրեց 5:1:

«Պալմայի» հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի դարպասապահը հայոց եռագույնով վազեց դահլիճ եւ երկրպագուների առաջ ծածանեց դրոշը:

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր դարձավ պորտուգալական «Բենֆիկան», որը մարզահամերգային համալիրում հաղթեց պորտուգալական «Սպորտինգին» 6:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում