21:57  ,  24 ապրիլի, 2024

ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են (տեսանյութ)

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս եկավ հենացատկի եզրափակիչ։

Արթուր Դավթյանը վաստակեց 14.416 միավոր եւ գրավեց 5-րդ տեղը: Առաջին ցատկի գնահատականը 15.100 էր: Երկրորդ ցատկի ժամանակ ցատկի բարդությունը փոխեց: Մրցավարները գնահատեցին 13.733 միավոր:

Մինչ այս պահը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը թիմակիցների հետ սպասում էր վերջնական արդյունքներին, քանի որ մտավախություն ուներ եզրափակիչ դուրս չգալ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկան նաեւ Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը:

Գագիկ Խաչիկյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում գրավեց 6-րդ տեղը՝ 14.600 միավոր, Արթուր Ավետիսյանը օղակների վարժության որակավորման 7-րդ տեղում է՝ 14.633 միավոր:

Օրեր առաջ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վահագն Դավթյանը ուսի վնասվածքի պատճառով չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում