12:03  ,  24 ապրիլի, 2024

ԵԱ․ Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները Ռիմինիում անցկացրել են գլխավոր փորձը

Իտալիայի Ռիմինի քաղաքում ապրիլի 24-ին կմեկնարկի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Մեծահասակների առաջնությանը զուգահեռ կանցկացվի նաեւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին Արտակ Այդինյանի գլխավորած հավաքականը կմասնակցի 4 մարմնամարզիկով:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը եւ Շեքսպիր Գեւորգյանը:

Համլետ Մանուկյանը նժույգ թափեր եւ օղակների վարժությունների աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի երիտասարդների կրկնակի արծաթե մեդալակիր, Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր:

Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժության աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն է, երիտասարդական եվրոպական օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր:

Ռոբերտ Գյուլումյանը հավաքականի կազմում Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում թիմային պայքարում բրոնզե մեդալակիր է: Շեքսպիր Գեւրոգյանի համար  Եվրոպայի առաջնությունը լինելու է առաջին փորձը խոշոր մրցաշարում:

Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդական առաջնության թիմային պայքարում Հայաստանը 4-րդն էր, եվրոպական օլիմպիական փառատոնում դարձել էր բրոնզե մեդալակիր:

Արդեն տեղի է ունեցել երիտասարդների գլխավոր փորձը մրցումային դահլիճում: Երիտասարդ մարմնամարզիկները գործիքները փորձարկել են ավագ մարզիչ Արտակ Այդինյանի եւ մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ:

Նշենք, որ երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է թիմով եւ կլինի թիմային պայքարում: Երիտասարդները կմեկնարկեն ապրիլի 25-ից: Ապրիլի 24-ին մրցահարթակ դուրս կգան մեծահասակները:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում