20:26  ,  22 մարտի, 2012

Հայերը սիրում են քյաբաբ ուտել, դիվանի վրա նստել եւ ֆեյսբուքել, բայց ալպինիզմ չեն սիրում. հարցազրույց

Այս տարվա հունվարի 24-ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 4 լեռնագնացներ  հաղթահարեցին  Իրանի ամենաբարձր լեռնագագաթը՝  Դեմավենդը  (5671մետր): Հայ ալպինիստներն ավելի բարձր նվաճում չեն ունեցել: Մինչեւ 2010 թվականը ավելի քան 20 տարի լեռնային գոտի համարվող Հայաստանում լեռնագնացությունը «մեռած էր»:

Հայկական ալպինիզմի խնդիրների մասին NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի հետ:

Պարոն Դանիելյան, ի՞նչ նվաճումներ ունենք ալպինիզմում, ի՞նչ վիճակում է այժմ ալպինիզը Հայաստանում:

Ալպինիզմը լուրջ սպորտաձեւ է, որի արմատները շատ խորն են մեր հանրապետությունում: Ինչպես Խորհրդային Միության հանրապետություններում, այնպես էլ մեր երկրում 1945-46 թվականներից սկսած ալպինիզմը զարգացավ՝ որպես ռազմակիրառական մարզաձեւ: Այն իր մեջ ներառում է հայրենասիրական տարրեր ռազմական նշանակություն ունեցող մեր պետության համար, որովհետեւ լեռների, սարերի, ժայռերի իմացությունը մեզ համար մարտավական նշանակություն ունեն, էլ չեմ ասում՝ կրտսեր սերնդի համար:

Արդեն 60-ականներին ալպինիզմը մեծ համբավ ուներ Հայաստանում, հայ ալպինիստները ճանաչված էին ողջ Կովկասում: Ունեցել ենք փայլուն վերելքներ, չեմպիոններ, սպորտի վարպետներ, որոնք աշխարհի ցանկացած ծայրում Հայաստանի դրոշը ծածանում էին: Սա նաեւ միջոց է եղել Հայաստանը աշխարհին ծանոթացնելու համար:

Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փլուզվեց նաեւ ալպինիզմի հետ կապված բոլոր հույսերը, որովհետեւ որպես սպորտաձեւ այն վերացավ: Դա ալպինիզմի լավագույն տարիներն են եղել, պետությունը մեծ գումարներ էր ներդնում ամեն մի բարձրունք նվաճելու համար եւ անգամ պայման դնում՝ պարտադիր արգելքները հաղթահարել: Եթե նախկինում մի մարդ ուզում էր ալպինիստական ճամբար գնալ, ծախսերի 80 տոկոսը Սովետական Միությունն իր վրա էր վերցնում եւ մարդուն մնում էր միայն 20 ռուբլի վճարել եւ 15 օր գնալ ճամբար: Այն ժամանակ պարտադիր էր որպես լեռնագնաց զարգանալ, իսկ դրա համար անհրաժեշտ էր գնալ Կովկաս, մասնակցել 15-օրանոց հավաքների, որպեսզի ալպինիստական կարգ ունենայիր: Իսկ մեր լեռները ալպինիզմի տեսակետից բավական սահմանափակ են: Մեր ամենաբարձր լեռը Արագածն է՝ 4000 մետր, որը ալպինիզմում միայն առաջին կարգ դժվարություն է: Իսկ ալպինիստական կարգը 8-ն է: Սովետական Միության փլուզումից հետո ալպինիզմը հայտնվեց շատ ծանր իրավիճակում եւ այդպես ավելի քան 20 տարի:

Փաստորեն, ալպինիզմն էլ Հայաստանում դասվում է մոռացված մարզաձեւերի շարքի՞ն:

Կարող ենք այդպես համարել: Այդ դադարի ընթացքում եղան արդյունքներ, որոնք հաղթահարում էին սիրողական լեռնագնացները: Երբեմն լսում էինք մեր հայրենակիցների առանձին նվաճումների մասին: Այդպես պատմական իրադարձություն է եղել ամերիկաբնակ Կարո Հովասափյանի Էվերեստ բարձրանալը, նրանից բացի Էվերեստի գագաթը հաղթահարել է նաեւ վրացահայ Լյովա Սարկիսովը: Սրանք փոքր նվաճումներ էին մեզ համար, որոնք իրականացվում էին ոչ հայաստանաբնակ հայերի կողմից: Սա սփյուռքի հաղթանակն էր այս ոլորտում: Իսկ Հայաստանում չկային շահագրգիռ անձնինք, ակումբներ, հավաքատեղիներ, որտեղ կկարողանր ցանկացող մարդը դիմել եւ գնալ ճամբար: Ֆիզկուլտուրայի ինստիտուտում տարիներ առաջ փորձ արվում էր ալպինիզմը որպես առարկա դասավանդել, սակայն հիմա այն ձուլվեց փրկարարական գործ առարկային եւ դասավանդվում է այդ առարկայի հետ:

Պարոն Դանիելյան, դուք արդեն 15 տարի է զբաղվում եք այս մարզաձեւով,  դասավանդում եք Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, ի՞նչն է գրավում Ձեզ  այս մարզաձեւում, որ չեն նկատում մյուս երիտասարդները:

Ես չեմ ուզում, որ այս մարզաձեւը կորի Հայաստանում: Հասկանալով ալպինիզմի ծանր իրողությունը որոշեցինք, որ արդեն մեր ժամանակն անցել է, մենք վայելել ենք ալպինիզմի հաճույքը, պետք է մտածել 15-20 տարեկան տղաների մասին, որոնք ուզում են դառնալ ալպինիստ:

Ի՞նչ խնդիր է իր առջեւ դրել  ֆեդերացիան:

Ճիշտ է ալպինիզմը ոչ օլիմպիական մարզաձեւ է, բայց դա չի նշանակում, որ այն պետք է հիմքից վերացնել եւ ոչ ոքի այն պետք չէ: Ֆեդերացիան խնդիր դրեց խթանել ալպինիզմի վերածնունդն ու զարգացումը: Շեշտը դրվեց սկզբնական օղակների վրա՝ դպրոց, բուհ, հետո նոր անհատական սեմինարներ, դասընթացներ, փոքր արշավներ: Որոշվեց նաեւ ստեղծել ազգային հավաքական: Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ: Ներկայումս ունենք լեռնագնացների ուժեղագույն թիմ, որը վերջերս 25 երկրների 216 լեռնագնացների հետ հաղթահարեց Իրանի Դեմավենդ գագաթը եւ դարձավ հաղթող:

Ստացվում է, որ լեռնային Հայաստանում լեռնագնացությունն ու լեռնագնացները պասիվ են:

Մի գուցե հայկական մենթալիտետում չկա այս մարզաձեւը, մի գուցե պետական աջակցության բացակայության պատճառով է, որ կորել է, մի գուցե հայը սիրում է «քյաբաբ ուտել, դիվանի վրա նստել եւ ֆեյսբուքել», բայց ֆեդերացիայի հիմնումն էլ ապացուցեց, որ չսիրված մարզաձեւ է ալպինիզմը Հայաստանում: Իրականում անգամ այդ ֆինանսական աջակցության պակասը մեզ համար խոչընդոտ չի ստեղծում եւ մենք էլ ֆինանսական խոչընդոտ չենք ստեղծում երիտասարդների համար, բայց քիչ արձագանքողներ կան: Այժմ փորձում ենք ավելի հայտնի դարձնել մարզաձեւը, որ գոնե այդպես հայտանբերենք լեռնագնացների: Շատ դեպքում ալպինիզմը ծնողների համար վտանգ է ներկայացնում, ալպինիստ ասում ես, հասկանում են ինչ-որ խենթություններ: Երբ բացատրում ենք, որ հեծանվով եւ դահուկով մարդիկ ավելի շատ վնասվածք են ստանում, քան ալպինիզմում, աստիճանաբար այդ բացասական վերաբերմունքը կոտրվում է, բայց ալպինիստների թիվը դրանով չի աճում: Հայաստանում 100-200 մարդ է զբաղվում ալպինիզմով:

Իրականում ո՞րն է պետության անուշադրության պատճառը, ի՞նչ է՝ Սովետական Միության ժամանակաշրջանում վերին ատյանները գիտակցել են ալպինիզմի կարեւորությունը, իսկ այժմ չե՞ն գիտակցում:

Գուցե ոչ օլիմպիական մարզաձեւ է… անկեղծ՝ չգիտեմ: Նամակներով դիմել ենք սպորտի նախարարին, իսկ պատասխանը եղել է «ուրախանում ենք ձեր հաջողություններով, բայց ներողություն, ֆինանսավորում չունենք»: ՀԱՕԿ-ի նախագահին դիմել ենք անձամբ, ասել է մի պրոեկտ ասեք՝ օգնեմ: Բայց դա սիստեմատիկ չի: Չենք կարող ամեն անգամ մտնել մոտը եւ ասել այսքան գումար է անհրաժեշտ: Մենք չենք ուզում խնդրենք, որ մեզ օգնեն: Սա առողջություն է առաջին հերթին, հայրենաճանաչ գործընթաց է, բնապահպանությանն էլ է օգուտ տալիս, որովհետեւ մեկ անգամ լեռը բարձրացողը կոնֆետը չի ուտի, թուղթն էլ գցի լեռներում: Եվ ի վերջո սա ֆիզիկական պատրաստվածության մարզաձեւ է. Շուշիի ազատագրմանը եթե զինվորների շարքում լեռնագնաց մարտիկներ չլինեին, հեշտ չէր լինի, քանի որ լեռները մագլցելով են հաղթահարել:

Իսկ ինչո՞ւ  սպորտի նախարարությանը կամ այլ գերատեսչության չեք ներկայացնում մանրամասն ծրագիր, որտեղ կընդգծվի մարզաձեւի կարեւորությունը:

Ծրագի՜ր… Ինչպե՞ս կարող ես մի հարցով երկու երեք անգամ դիմել, եթե տեսնում ես, որ ոչ ոք չի արձագանքում կամ մերժվում ես: Եթե ասում են՝ մեզանից աջակցություն մի սպասեք, էլ ի՜նչ անես:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով