09:04  ,  4 փետրվարի, 2024

Լեւոն Աղասյան․ Ցուրտ է, մարզումների համար պայմաններ չունենք

Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունենք ես եւ Երվանդ Մկրտչյանը: Կփորձեմ Ստամբուլում անցկացվելիք Բալկանյան երկրների առաջնությունում օլիմպիական ուղեգրի համար սահմանված նորմատիվը լրացնել:  Եթե որեւէ մրցաշարում չլրացնեմ նորմատիվս, կպայքարեմ վարկանիշային միավորներով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար եռացատկորդ, Ռիոյի եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, կապանցի Լեւոն Աղասյանը:

Հայաստանի առաջատար եռացատկորդը սկսել է պայքարը իր կարիերայում երրորդ Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Օլիմպիական տարին Լեւոն Աղասյանը կսկսի Ստամբուլում անցկացվելիք Բալկանյան երկրների մրցաշարով, որը վարկանիշային է լինելու Փարիզ-2024-ի համար:

Լեւոն, աթլետիկայում ի՞նչ կարգով է անցկացվելու օլիմպիական ուղեգրերի համար պայքարը: Ի՞նչ նոր փոփոխություններ եւ նորմատիվներ են սահմանվել Փարիզ-2024-ի համար:

Մինչեւ Օլիմպիական խաղեր ունենք բազմաթիվ միջազգային վարկանիշային մրցաշարեր, որոնց պատուհանը փակվում է հունիսի 30-ին: Մենք ունենք օլիմպիական ուղեգիր նվաճելու երկու տարբերակ՝ վարկանիշային միավորներով եւ բուն վարկանիշով, այսինքն՝ նորմատիվով: Վարկանիշային միավորների համար՝ տարբեր միջազգային մրցաշարերին մասնակցելով հավաքում ենք համապատասխան միավորներ: Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք կունենան աշխարհի լավագույն 32 եռացատկորդները: Եթե, օրինակ, նորմատիվով 15 աթլետ նվաճի ուղեգիր, մնացած 17-ը ուղեգրի կարժանանան ամենաբարձր վաստակած միավորներով: Նորմատիվը բավականին բարձր է: Դա նույնպես պետք է գրանցել միջազգային մրցաշարում, այդ թվում Հայաստանի առաջնությունում: Եթե նորմատիվը գրանցում ես Հայաստանի առաջնությունում, միջազգային դիտորներ պետք է լինեն, որպեսզի արձանագրեն եւ հաստատեն:

Ի՞նչ փուլերով ես պատրաստվում ուղեգրի համար պայքարին:

Այժմ մեկնարկել է ձմեռային մրցաշրջանը, որը մեծ դժվարությամբ է տրվում մեզ: Ցուրտ է, մարզումների համար պայմաններ չունենք, տեղ չունենք մարզվելու: Արդյունքները դեռ տատանվում են՝ կարող է շատ լավ լինել կամ շատ վատ:

Պատրաստվում ենք փետրվարի  10-ին Ստամբուլում անցկացվելիք Բալկանյան երկրների առաջնությանը: Այդտեղի արդյունքներով պայմանավորված կլինի իմ մասնակցությունը աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու մարտի սկզբին Գլազգոյում:

Նշեմ, որ աշխարհի առաջնության նորմատիվն ավելի բարձր է, քան Օլիմպիական խաղերի ուղեգրինը: Եթե Ստամբուլում վարկանիշ չանեմ, գոնե մոտ արդյունք ցույց տամ, իրավունք կվաստակեմ մասնակցել աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությանը վարկանիշ ձեռք են բերում լավագույն արդյունք ցույց տված 16 մասնակիցները:

Ստամբուլի մրցաշարը աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ձեռք բերելու վերջին հնարավորությունն է: Ստամբուլի մրցաշարի եւ մինչեւ այդ մասնակցած միջազգային մրցաշարերում  լավագույն արդյունք ցույց տված 16 եռացատկորդներն են իրավունք ստանում մասնակցել աշխարհի առաջնությանը:

Ի՞նչ նորմատիվ է սահմանված Փարիզ-2024-ի ուղեգրի համար:

Օլիմպիական ուղեգրի նորմատիվը 17 մետր 22 սմ է: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար 17 մետր 14 սմ է եղել, Ռիո-2016-ի համար՝ 16,85: Այս տարի 17,22  է: Իմ լավագույն արդյունքը մինչ այս 17 մետր 16 սմ-ն, որը ցատկել եմ Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ: Պետք է կարողանամ առաջին մրցաշարից 17,22 ցատկել:

Շատ են բարձրացրել նորմատիվը, դրան զուգահեռ վարկանիշային միավորներով ուղեգիր նվաճելու կարգն են մտցրել, որը մեզ համար շատ ավելի վատ է: Օրինակ՝ Հայաստանից քիչ աթլետ կա, որ դրսից մրցաշարերի հրավեր է ստանում: Ես եմ եւ Երվանդն Մկրտչյանը: Քիչ է մեզ համար, իսկ Հայաստանում քիչ են վարկանիշային մրցաշարերը, որպեսզի կարողնանք մեր երկրում միավորներ վաստակել:

Եթե մինչեւ վարկանիշային մրցաշարերի պատուհանը փակվելը նորմատիվը չլրացնեմ, վերջում արդեն ըստ վարկանիշային միավորների պարզ կլինի ընդգրկվում եմ լավագույն 26-ի մեջ, թե ոչ: Հայաստանում վարկանիշային է համարվում ներքին առաջնությունը եւ Էմմիյանի գավաթը: Ես կմասնակցեմ Հայաստանի առաջնությանը, որն անցկացվելու է մայիսին: Էմմիյանի գավաթում իմ մրցաձեւը չկա, միայն հեռացատկ է:

Իսկ եթե որեւէ մրցաշարում նորմատիվ լրացնել չհաջողվի, ի՞նչ հնարավորություններ ունես վարկանիշային միավորներով:

Վարկանիշային միավորներով եւս շատ բարդ է ուղեգիր նվաճելը: Որքան շատ մրցաշարերի մասնակցես եւ որքան բարձր լինի արդյունքդ, այնքան բարձր կլինի միավորներդ: Շատ բարձր միավորներ է տալիս աշխարհի առաջնությունը, այդ պատճառով այստեղ մեծ մրցակցություն կա աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ձեռք բերելու համար:

Վարկանիշային մրցաշարերը կան, ուղղակի այնպես պետք է լինի, որ դու որպես մարզիկ կարողանաս այդ մրցաշարերին մասնակցել: Իմ պարագայում մասնակցությանս հարցերով զբաղվում է իմ գործակալը կամ ֆեդերացիան: Իսկ մասնակցության համար էլ պետք է ֆիզիկապես պատրաստ լինես, պատրաստված, լավ մարզավիճակում լինես:

Ես ավելի շատ տրամադրված եմ 17,22 մետր նորմատիվը սահմանել: Երկու տարի վնասվածքներ ունեի,  դրանց բուժմամբ էի զբաղված, չէի կարողանում նորմալ ցատկել: Այժմ արդեն ապաքինված եմ, լավ ցատկում եմ: Պետք է սահմանեմ նորմատիվը որքան հնարավոր է շուտ: Եթե որեւէ մրցաշարում, աշխարհի առաջնությունում կամ Ստամբուլի մրցաշարում ցատկեմ 17,22, անմիջապես կնվաճեմ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Եթե չկարողանամ 17,22 ցատկել ու վարկանիշային միավորներով փորձեմ ուղեգիր նվաճել, մինչեւ Օլիմպիական խաղեր 5-6 միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեմ, այդ թվում եւ աշխարհի առաջնությունը:

Որտե՞ղ ես մարզվում այժմ:

Ստամբուլի մրցաշարին պատրաստվում եմ Երեւանում, քանի որ Կապանում այս եղանակին մարզվելու տեղ չունենք:

Ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի նաեւ վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա նույնպես դժվարություններ ունի մարզումների առումով: Այս պահին նրա միակ մարզվելու տեղը Գյումրիի ստադիոնն է, բայց այնտեղ էլ ցուրտ է: Ձմեռային մրցաշրջանում Հայաստանում որեւէ մեկը մարզվելու հնարավորություն չունի, տեղ չկա մարզվելու: Կարող եմ հենց այս պահին ասել, թե քանի աստիճան է «Սպարտակ» ստադիոնում, այստեղ 5 աստիճան է, իսկ օրգանիզմի համար նորմալ ջերմաստիճանը 15-20 պետք է լինի:

Միջազգային մրցաշարերին մասնակցելու համար ֆինանսական խնդիրներ կա՞ն:

Ֆինանսական խնդիրներն այդքան էլ շատ չեն: Եթե ես մասնակցում եմ որեւէ մրցաշարի, հրավիրող կողմն է ապահովում իմ ճանապարհածախսը, կեցությունը: Երբեմն լինում է, որ միայն կեցության հարցն են լուծում, բայց օրինակ Եվրոպայի, աշխարհի առաջնությունները մեր ֆեդերացիան է վճարում:

Նշեցիր, որ մարզումային պայմանների խնդիր կա: Ուղեգիրը նվաճելուց հետո որտե՞ղ ես պատրաստվելու Փարիզ-2024-ին:

Լավ հարց է (ծիծաղում է): Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Չգիտեմ, թե ինչ կլինի: Եթե որեւէ այլ լուծում չլինի, Կապանում կպատրաստվեմ: Ամռանը Կապանի ստադիոնը հարմար է մարզվելու համար: Մարզվելու խնդիրը ձմեռային մրցաշրջանում է, երբ դրսում հնարավոր չի մարզվել:  Արտաշատի մարզադաշտում ցատկափոս կա, ուղղակի այնտեղ էլ հիմա հնարավոր չի մարզվել, ցուրտ է: Այս պահին փակ դահլիճ ունենք միայն Երեւանի «Սպարտակում»: Դեռ ունենք... Եւս մեկ փակ դահլիճ ունենք Վանաձորում, բայց այնտեղի պայմաններն ավելի վատն են, քան  «Սպարտակինը»:

Մարզավիճակդ ինչպիսի՞ն է:

Լավ մարզավիճակում եմ, այս պահին լավ եմ գնահատում մարզավիճակս: Թե ինչ արդյունքներ կգրանցեմ այս մարզավիճակում, մրցաշարերը ցույց կտան: Ֆիզիկական վիճակս լավ է, վնասվածքներս ապաքինված են, վերականգնվել եմ, բայց ունեմ փորձի պակաս, քանի որ երկար ժամանակ մրցաշարերի չեմ մասնակցել: Պետք է կենտրոնանամ ցատկերիս վրա, մրցավայրերում ճիշտ տեխնիկական աշխատանք տանեմ:  Մինչեւ Ստամբուլ մեկնելը կմարզվեմ «Սպարտակում»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս