19:37  ,  12 հոկտեմբերի, 2022

Հրաչյա Ռոստոմյան․ Գոռ Մինասյանն արդեն պաշտոնապես Բահրեյնի հավաքականի կազմում է

Գոռ Մինասյանը արդեն պաշտոնապես Բահրեյնի հավաքականի կազմում է։ Նա այս քաշային կարգում Հայաստանի հավաքականում  երրորդն էր, ուստի նրան ընդառաջել ենք։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույզում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը՝ հաստատելով օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանի մարզական քաղաքացիությունը փոխելու մասին տեղեցությունը։ Գոռ Մինասյանը հեռացել է Հայաստանի հավաքականից եւ արդեն ներկայացնում է Բահրեյնը։ Նա հայտավորված է այս շաբաթ անցկացվելիք Ասիայի առաջնությունում։

Ծանրամարտի օլիմպիական քաշային կարգերը փոխվելուց հետո, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարեց Սիմոն Մարտիրոսյանի քաշային կարգը փոխելու մասին որոշումը, ըստ որի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պետք է տեղափոխվի +109 կգ քաշային կարգ։

Այդ ընթացքում խոսակցություններ շրջանառվեցին, որ այս քաշային կարգում Հայաստանի ուժեղագույն ծանրորդներից մեկը պետք է լքի կազմը, քանի որ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ամեն երկիր իրավունք ունի ներկայացնել երկուական մարզիկ։ Որոշ ժամանակ անց կրկին խոսակցությունների մակարդակում տեղեկություն տարածվեց, որ Գոռ Մինասյանը առաջարկ է ստացել Բահրեյնից եւ ընդունել այն։

Մինչ մամուլում տեղեկությունը կտարածվեր, Հրաչյա Ռոստոմյանը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ Հայաստանի երեք ուժեղագույն մարզիկները պետք է պայքարեն հավաքականում երկու տեղերի համար։ 

Հոկտեմբերի 12-ին Գոռ Մինասյանի հավաքականից հեռանալու տեղեկությունը հաստատվեց։

«Գոռ Մինասյանն, այո, արդեն պաշտոնապես ներկայացնում է Բահրեյնի հավաքականը։ Հայաստանի հավաքականի կազմում գերծանր քաշային կարգում առաջին համարը Վարազդատ Լալայանն է, երկրորդը՝ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը երրորդն է։ Ուստի, Գոռին մենք ընդառաջել ենք։

Այս քաշային կարգում աշխարհի առաջնության մեկնելու են Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

Հարցին, թե տեղի ունեցել է արդյոք երեք մարզիկների միջեւ փորձամրցում, ինչպես հայտարարվել էր, ՀԾՖ նախագահը նշեց.

«Այո: Ուսումնամարզական հավաքներում ցույց տված արդյունքները մարզիչներին թույլ են տվել աշխարհի առաջնության մեր հայտացուցակում տվյալ քաշային կարգում ներառել այս երկու ծանրորդներին»:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-16-ը Կոլումբիայում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով