16:27  ,  26 սեպտեմբերի, 2020

Exclusive. Ալեքսանդր Կարապետյանը՝ վնասվածքով խաղալու ու «Սպարտակի» դեմ հանդիպումը բաց թողնելու մասին

Հայաստանի ազգային հավաքականի և «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Մոսկվայի «Սպարտակի» դեմ Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի հանդիպումը բաց է թողնում ծնկի հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին 32-ամյա հարձակվողը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

«Ծնկի հատվածում ցավեր ունեմ: «Ռուբինի» դեմ օգոստոսի 30-ին կայացած խաղից հետո ցավեր ունեի, սակայն միացա Հայաստանի հավաքականին և մասնակցեցի խաղերին: Դրանից հետո ցավերն ուժեղացան, ինչի պատճառով որոշեցի դադար վերցնել և նորմալ վերականգնվել»,- զրույցում նշեց Ալեքսանդր Կարապետյանը:

Հարցին, թե կհասցնի վերականգնվել մինչև Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը, ֆուտբոլիստը պատասխանեց. «Հուսով եմ»:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարապետյանն այս ամռանը ռուսական «Սոչիից» էր տեղափոխվել «Տամբով», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության 8 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:

Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը տեղի են ունենալու հոկտեմբերին: Հոկտեմբերի 7-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ, 4 օր անց Ազգերի լիգայում կմրցի Վրաստանի թիմի դեմ, իսկ հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի էստոնացիներին:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով