20:38  ,  22 սեպտեմբերի, 2020

6 տարվա դադարից հետո անցկացվում է բասկետբոլի կանանց Հայաստանի առաջնությունը (ֆոտո)

6 տարվա դադարից հետո օգոստոսին վերսկսվել է  բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը, որին մասնակցում է 6 թիմ Երեւանից, Գյումրիից եւ Արցախից: Առաջնությունն անցկացվում է 8 շրջափուլով: Սեպետմեբրի 21-ին Երեւանում «Երեւան Բասկետ» - «Լես Ֆոքսես» դիմակայությամբ ավարտվեց երկրորդ շրջանը: Հոկտեմբերի 1-ին կմեկնարկի երրորդը: Առաջնությունը կավարտվի 2021 թվականի մարտին:

NEWS.am Sport-ի թղթակիցը ներկա եղավ երկրորդ շրջանի վերջին խաղին, որը տեղի ունեցավ «Միկա» մարզադահլիճում: «Երեւան Բասկետ» թիմը տանը լարված պայքարում 54:43 հաշվով հաղթեց առաջնության ֆավորիտին՝ երեւանյան «Լես Ֆոքսես» թիմին (13:13, 12:9, 13:9, 16:12): Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Նարինե Գյոկչյանը «Երեւան Բասկետից»՝ վաստակելով 24 միավոր:

Համավարակով պայմանավորված հանդիպմանը քիչ թվով երկրպագուներ էին ներկա: «Երեւան Բասկետ»- «Լես Ֆոսքսես» խաղին հետեւում էր նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը:

Պարոն Հարությունյան, բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն 6 տարի չանցկացվեց: Ի՞նչն էր պատճառը:

Ըստ երեւույթին, բասկետբոլի ֆեդերացիայի բացթողումն էր, որ 6 տարի մենք կանանց Հայաստանի առաջնություն չունեցանք: Հավատացնում եմ՝ կան սուբյեկտիվ շատ պատճառներ, որ չեղավ: 6 տարի դադար ասելը քիչ է, քանի որ 6 տարի առաջ անցկացրած Հայաստանի առաջնությունն էլի մեկնումներով է եղել՝ երկու շրջանով՝ տուն-դուրս տարբերակով եւ դրանով ավարտվել է: Այսինքն, որպես այդպիսին, լիարժեք առաջնություն չի անցկացվել: Հիմա մենք արդեն խաղացել ենք երկու շրջան, դեռ վեց շրջան եւ փլեյ-օֆֆ ունենք: Այս կառուցվածքով կանանց Հայաստանի առաջնություն, փաստացի, առաջին անգամ է անցկացվում:

Այդքան երկար դադարից հետո թիմերի համալրման հետ կապված խնդիրներ չառաջացա՞ն:

Խնդիրներ եղան, իհարկե: Այն աղջիկները, որոնք պոտենցիալ խաղացողներ էին, կարող էին մասնակցել առաջնությանը, 6 տարի դադար են ունեցել: Հենց այս պատճառով թիմերի հավաքագրման հարցում շեշտը դրվեց երիտասարդ խաղացողների վրա՝ մինչեւ 18 եւ 20 տարեկան: Մի թիմ ունենք, որի խաղացողները տարիքով ավելի մեծ են՝ «Երեւան Բասկետն» է:

Իսկ ինչպե՞ս որոշվեց, ամեն դեպքում, վերսկսել առաջնությունը:

Մենք գիտակցում ենք, որ կանանց բասկետբոլում Հայաստանը հաջողություններ է գրանցում, ավելի լավ է ներկայանում: Նպատակ ունենք լավ լիգա խաղալ՝ Եվրոպայի առաջնության B դիվիզոն անցնել: Հենց այս շարժառիթով փորձ արվեց կազմակերպել եւ անցկացնել ներքին առաջնություն՝ աղջիկներին հասցնելու այն մակարդակին, որ մրցունակ լինեն եւ կարողանան խաղալ B  դիվիզոնում: Այնտեղ մրցակցությունը սարսափելի է լինելու, քանի որ շատ ուժեղ երկրներ են մասնակցում:

2015-2019 թվականներին հաջողություններ ենք ունեցել C դիվիզոնում. 18 տարեկանների կանանց հավաքականը՝ կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն, 16 տարեկանների հավաքականը չեմպիոն, փոխչեմպիոն, բայց Հայաստանի առաջնություն չենք արել: Զարմանալի է, բայց, փաստորեն, չունենալով Հայաստանի առաջնություն, ունեցել ենք 16 եւ 18 տարեկանների հավաքական թիմեր: Ի դեպ նշեմ, որ 2015 թվականին բացառապես տեղացի խաղացողներով էր կազմված հավաքականը, միայն 2016 թվականից սկսած հավաքականը համալրեցինք 4 հայ լեգեոներներ:

Ի՞նչն է եղել այսքան երկար դադարի իրական պատճառը:

Երկու հիմնական պատճառ է եղել՝ դահլիճային պայմաններ եւ ֆինանս: Եթե ֆինանսի հետ կապված խնդիրն ինչ-որ տեղ կարող էինք լուծել, հայթայթել, ապա դահլիճների հետ կապված ունեինք շատ լուրջ խնդիրներ: Գրեթե անիրատեսական էր անցկացնել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն մի քանի շրջափուլերով: Այս թիմերը, որոնք այսօրվա դրությամբ մասնակցում են առաջնությանը, հիմնական մասը մարզվում են հանրակրթական դպրոցների դահլիճներում: Իսկ այնտեղ մենք չէինք կարող նմանատիպ մրցում անցկացնել: Հենց այս տեսանկյունից խոչընդոտներից հիմնականը եղել է դահլիճների խնդիրը: Դե իսկ դրան գումարվել է նաեւ ֆինանսի խնդիրը եւ արդյունքում տարիներ շարունակ ներքին առաջնություն չի անցկացվել:

Իսկ այս առաջնությունում ինչպե՞ս լուծվեցին Ձեր նշած ֆինանսական եւ դահլիճային խնդիրները:

Առաջնության անցկացնումը ֆինանսավորվում է ֆեդերացիայի կողմից: Ֆավորիտ «Լես Ֆոքսես» թիմն ինքնաֆինանսավորվում է, մնացած թիմերին հովանավորում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Դահլիճից սկսած ամեն ինչը ֆինանսավորովում է: Ցավոք, մենք մեր սեփական դահլիճը այդպես էլ չունեցանք:

Քանի թիմ է մասնակցում, ո՞ր մարզերից եւ ի՞նչ խաղամակարդակ կա:

Ընդհանուր 6 թիմ է մասնակցում. 4 թիմ Երեւանից՝«Երեւան Բասկետ», «Հատիս», «Լես Ֆոքսես» եւ «Էրեբունի», մեկ թիմ Գյումրիից եւ մեկն Արցախից համանուն անուններով: Թիմերի մասնակցության եւ խաղամակարդակների մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ, չհաշված այն 6 տարվա դադարը, դեռ մարտ ամսից էլ, համավարակով պայմանավորված, այս աղջիկները գնդակին չեն դիպչել: Այսինքն՝ այսօր խոսել տեխնիկայից եւ տակտիկայից շուտ է: Կարծում եմ՝ մեկ ամիս անց կարելի է արդեն ուսումնասիրել եւ հասկանալ՝ ինչ մակարդակ ունենք, ինչ խաղացողներ կան, ինչ պոտենցիալ ունենք, ովքեր կարող են հավակնել հավաքական ընդգրկվելուն: Օրինակ՝ «Լես Ֆոքսես»- «Երեւան Բասկետ» դիմակայությունում հավասար ու լարված պայքար էր գնում առաջին երկու քառորդներում, հավասար հաշվով: Ինձ համար որպես ֆեդերացիայի փոխնախագահ, որպես հավաքականի մարզիչ, խաղը գեղեցկանում է այն ժամանակ, երբ հավասար հաշիվներ է գրանցվում: Այս երկու թիմերը առաջնության ֆավորիտներն են, առաջատարը «Լես Ֆոքսես» թիմն է առայժմ: Բայց դեռ մի քանի ամիս կա Հայաստանի առաջնության ավարտին, կտեսնենք, թե սպորտային բախտն ում կողմը կլինի:

Նշեցիք, որ ծրագրվում է մասնակցել 2021 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնին...

Եթե ամեն ինչ լավ լինի, կորոնավիրուս չլինի, նպատակն է 20 տարեկանների հավաքական թիմով մասնակցել Եվրոպայի առաջնության B դիվիզոնին: Առաջնության արդյունքներով կկազմավորվի նոր թիմ, մեզ կմինանան նաեւ մեր 4 լեգեոներները: Ամեն ինչ ունենք, որպեսզի մեր առջեւ դրված նպատակին հասնենք: Ունենալու ենք նաեւ 16 տարեկանների հավաքական թիմ: Սա շատ կարեւոր տարիք է բասկետբոլում 16 տարեկանից սկսել մասնակցել ԵԱ-ին:

Այս տարվա առաջնությունը նախաձեռնելիս եւ թիմերը հավաքագրելիս, մեզ համար շատ կարեւոր է եղել, որ մասնակցեն բացառապես տեղացի խաղացողներ: Մենք առհասարակ լեգեոներներ ունենալու շանս չենք տվել թիմերին: Թիմերում միայն կարող են խաղալ Հայաստանում ծնված եւ մեծացած աղջիկներ. սա մեզ համար շատ կարեւոր է: Սրանից ելնելով մենք հավաքականի մասին ենք մտածում:

Ակումբային առաջնություններում թիմ ներկայացնելու ծրագրեր, հնարավորություններ կան՞:

Ակումբային առաջնություններին մասնակցելը մեծ ֆինանսների հետ է կապված: Տեսնենք, թե ով կլինի Հայաստանի չեմպիոն եւ այդ թիմը կունենա՞ արդյոք հնարավորություն մասնակցել օրինակ Եվրագավաթին: Շատ լավ կլինի, որ Հայաստանը ունենա ակումբային առաջնության մասնակից թիմ:  

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով