23:48  ,  7 սեպտեմբերի, 2012

Հայաստանի հավաքականի հաղթական մեկնարկը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարում: Մեկնարկային տուրում Հայաստանի թիմը մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Մալթայի հավաքականի նկատմամբ: Վալետայի «Տա Քալի» ստադիոնում կայացած խաղի միակ գնդակը 70-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականն ուներ խաղային եւ տարածքային նկատելի առավելություն, մրցակցի դարպասի մոտ ստեղծեց մի քանի գոլային պահեր, սակայն այդպես էլ չկարողացավ բացել խաղի հաշիվը: 30-րդ րոպեին Մարկոսի կատարած հարվածից հետո մի պահ թվաց, թե գնդակը հատել է Մալթայի թիմի դարպասային գիծը, սակայն մրցավարները դարպասի գրավում չարձանագրեցին: Հայաստանի հավաքականի գրոհներին մալթացիները երբեմն պատասխանում էին վտանգավոր հակագրոհներով: Առաջին խաղակեսի վերջնամասում Հրայր Մկոյանն արժանացավ դեղին քարտի եւ թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականն ավելի մեծ ուժերով էր գրոհում, ինչի հետեւանքով Մալթայի թիմը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասի մոտ: Մալթացիները Հայաստանի հավաքականին նույնիսկ ստիպեցին մտածել պաշտպանության մասին, սակայն խաղի 64-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Արթուր Սարկիսովը, ով վեց րոպե անց առաջ մղեց Հայաստանի հավաքականին: Յուրա Մովսիսյանը, շրջանցելով Մալթայի թիմի պաշտպանին, նկատեց Սարկիսովին. Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվողը չվրիպեց՝ բացելով հանդիպման հաշիվը: Խաղի վերջնամասում հյուրերը կարող էին զարգացնել հաջողությունը, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին: Վարդան Մինասյանի թիմը պահպանեց հաղթական հաշիվը՝ վաստակելով երեք միավոր:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Մալթայի հավաքականներն ընդգրկված են B խմբում, որտեղ կմրցեն Իտալիայի, Դանիայի, Չեխիայի եւ Բուլղարիայի թիմերի հետ: Սեպտեմբերի 11-ին կայանալիք երկրորդ տուրում Հայաստանի թիմը կհյուրընկալվի բուլղարացիներին:

Աշխարհի առաջնություն ընտրական մրցաշար. առաջին տուր 

B խումբ

Մալթա – Հայաստան՝ 0:1

Արթուր Սարկիսով, 70

Հայաստան. Գեւորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Վալերի Ալեքսանյան, 78), Արտակ Եդիգարյան (Դավիթ Մանոյան, 51), Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Լեւոն Հայրապետյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի (Արթուր Սարկիսով, 64), Յուրա Մովսիսյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով