09:04  ,  30 ապրիլի, 2024

Արթուր Ավետիսյան․ Մեդալի համար ինձ պակասում է փորձ, մաքրություն եւ ավելի շատ աշխատանք

Մեդալի համար իմ կարծիքով ինձ պակասում է մի քիչ էլ փորձ, մաքրություն եւ ավելի շատ աշխատանք: Եվրոպայի առաջնությունում իմ մրցելույթները գնահատում եմ նորմալ: Գոհ կլինեմ, երբ լինի մեդալ, արդյունք: Եթե մեդալ չկա, ուրմեն ինչ-որ բան պակաս է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռիմինում ասաց Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը:

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Ավետիսյանը օղակների վարժության եզրափակիչում գրավեց չորրորդ տեղը։

«Եզրափակիչում լավ կատարեցի վարժությունս: Իհարկե, կային թերություններ, բայց ընդհանուր լավ ստացվեց: Այս վարժությունը նոր եմ սկսել անել, բարդացրել ենք: Արդեն երրորդ անգամ եմ մրցմանն այս վարժությունը անում: Այս անգամ ամենահաջող փորձս ստացվեց նախորդ փորձերի համեմատ: Կաշխատեմ էլի մաքրել, ավելի լավացնել: Հուսամ՝ հաջորդ մրցաշարում արդեն ավելի բարձր արդյունք կունենամ: Լարվածություն կար, նաեւ չկար: Չգիտեմ՝ ինչպես, կարողանում եմ ինձ զսպել եւ կառավարել լարվածությունը: Որքան պետք էր, այդքան կար այդ լարվածությունը, որն ինձ ադրենալին է տալիս:

Մեդալի համար, իմ կարծիքով, ինձ պակասում է մի քիչ էլ փորձ, մաքրություն եւ ավելի շատ աշխատանք:

Եվրոպայի առաջնությունում իմ մրցելույթները գնահատում եմ նորմալ: Գոհ կլինեմ, երբ լինի մեդալ, արդյունք: Մարզիչները գոհ էին, բայց եթե մրցանակային տեղ չես գրավում, մեդալ չես նվաճում, ուրեմն դեռ ինչ-որ բան պակաս է»,- ասաց Արթուր Ավետիսյանը:

Հայաստանի հավաքականի անդամը Եվրոպայի առաջնության եզրափակիչում հավաքեց 14.800 միավոր։ Որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը գրավել էր 7-րդ տեղը՝ 14.633 միավոր:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում