Այս մեդալի համար շնորհակալ եմ իմ մարզիչներին, ծնողներին, ընկեր Հայկին, ընկեր Հակոբին, մյուս բոլոր մարզիչներին, բոլոր նրանց, ովքեր անգամ մի փոքր ներդրում ունեն այս հաղթանակում: Նժույգ թափերում իմ հերոսը Հարություն Մերդինյանն է, նա է ինձ ոգեւշնչում իմ հաղթանակներում: Ամենամեծ երազանքս օլիմպիական ոսկե մեդալն է:
Այս մասին Ռիմինում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո ասաց 16-ամյա Համլետ Մանուկյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում աշխարհի կրկնակի երիտասարդական չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճեց ոսկե մեդալ՝ եզրափակիչում հավաքելով 14.500 միավոր։
«Բոլորին շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Եվրոպայի առաջնությունից առաջ ուսի վնասվածք ունեի: Հիմա էլ մի փոքր ցավեր ունեմ: Մասնակցեցի միայն նժույգ թափեր վարժությունում: Ուրախ եմ, որ կարողացա լավ կատարել վարժությունս: Այս մեդալի համար շնորհակալ եմ բոլորին, ով նույնիսկ մի փոքր ներդրում ունի այս հաղթանակի մեջ, օգնություն է ցույց տվել: Շնորհակալ եմ իմ մարզիչներին, ընտանիքին, անձնական մարզիչ ընկեր Հայկին, ընկեր Հակոբին, ընկեր Արտակին, ընկեր Սոսին:
Մեծ մրցակցություն կար: Այստեղ բոլոր մասնակիցներն էլ հաղթելու եւ մեդալ նվաճելու հավակնություններ ունեին: Լավ ստացվեց: Հուզմունք կար, միշտ ունենում եմ այդ հուզմունքը յուրաքանչյուր մրցելույթից առաջ, բայց կարողանում եմ ինձ կառավարել եւ հաջողությամբ կատարել վարժությունս: Ավելի շատ հուզվում եմ ընկերոջս՝ Մամիկոն Խաչատրյանի ելույթի ժամանակ:
Նժույգ թափեր վարժությունում իմ հերոսը Հարություն Մերդինյանն է: Մենք մարզվում ենք նույն դահլիճում, եւ ես ամեն օր տեսնում եմ, թե նա ինչպես է մարզվում, պայքարում, պատրաստվում յուրաքանչյուր մրցաշարի:
Շատ պարտավորեցնող է, որ այս տարիքում արդեն երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն եմ: Պետք է կարողանաս այդ կոչումները պահպանել: Ամենամեծ երազանքս օլիմպիական ոսկե մեդալ նվաճելն է»,- ասաց Համլետ Մանուկյանը:
Նույն վարժության եզրափակիչում Մամիկոն Խաչատրյանը 14,266 միավորով նվաճեց բրոնզե մեդալ:
Լուսինե Շահբազյան
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում