Ամեն ինչ կանենք, որ մեդալներով վերադառնանք հայրենիք: Ոչինչ չեմ կարող խոստանալ, բայց ամեն հնարավորը կանեմ մեդալ նվաճելու համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն 16-ամյա Համլետ Մանուկյանը:
Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջատարը ապրիլի 27-ին նժույգ թափեր վարժության եզրափակչում կպայքարի ոսկե մեդալի համար:
Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնությունում վնասվածքի պատճառով թիմային պայքարում մասնակցեց միայն նժույգ թափեր վարժությանը եւ վաստակեց ամենաբարձր միավորը՝ 14.433:
«Ուսի վնասվածք ունեմ, այդ պատճառով չմասնակցեցի թիմային պայքարի մյուս 5 գործիքներում: Նժույգ թափեր վարժությունում անցա եզրափակիչ, բայց իմ մրցելույթը չեմ գնահատի, կնախընտրեմ, որ մարզիչները գնահատական տան: Նժույգից հետո մեծ ցանկություն ունեի միանալ նաեւ մյուս գործիքներում պայքարին, բայց մարզիչներս ասացին, որ այսպես ավելի ճիշտ է եւ կարիք չկա շարունակելու:
Շատ ուրախ եմ, որ եզրափակիչում եմ: Ոչինչ չեմ կարող խոստանալ: Ամեն ինչ կանենք, որ մեդալներով վերադառնանք հայրենիք: Ուսի ցավեր ունենում եմ, բայց այնպես կանեմ, որ եզրափակիչում ինձ չխանգարի: Խոստումներ չեմ տալիս, բայց ամեն հնարավորը կանեմ»,- ասաց Համլետ Մանուկյանը:
16-ամյա մարմնամարզիկը Համլետ Մանուկյանը նժույգ թափեր եւ օղակների վարժությունների աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի երիտասարդների կրկնակի արծաթե մեդալակիր, Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր: Աշխարհի առաջնությունների երկու ոսկե մեդալները նվաճել է 2023 թվականին Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Համլետ Մանուկյանի մասնակցությամբ Եվրոպայի առաջնության նժույգ թափերի եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 12:00-ից:
Լուսինե Շահբազյան
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում