Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վերջին մրցումային օրը տեղի կունենա տղմարդկանց +109 կգ քաշային կարգի ներկայացուցիչների պայքարը:
Հայաստանի թիմից մրցահարթակ դուրս կգան աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն եւ կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը, կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
Վարազդատ Լալայանի եւ Սիմոն Մարտիրոսյանի նախնական հայտը երկամարտում 450 կգ է:
Տղամարդանց +109 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին:
Փետրվարի 20-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Վարազդատ Լալայանն առաջին անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը երկամարտի 455 կգ արդյունքով (205+250):
Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր (190+247):
Պհուկետում ավարտվող աշխարհի գավաթում Հայաստանի թիմը նվաճել է մեկ մեդալ: 102 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը ապրիլի 8-ին երկամարտի 401 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր (185+216): Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվեց պայքարից: Անդրանիկ Կարապետյանը ապրիլի 6-ին 89 կգ քաշայինների B խմբում զրո ստացավ պոկում վարժությունում եւ հրաժարվեց հետագա պայքարից:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:
Աշխարհի գավաթի մասնակից Հայաստանի 5 ծանրորդները Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրերի հավակնորդներ են: Նրանցից ընտրվելու են երեք ուժեղագույնները տարբեր քաշային կարգերում:
Աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում