09:06  ,  15 մայիսի, 2024

Հաբեթնակ Կուրղինյան․ Օլիմպիական վարկանիշային մրցաշարում պակասեց փորձը

Ստամբուլի օլիմպիական վարկանիշային մրցաշարում տղաներին պակասեց փորձը: Օլիմպիական խաղերին կպատրաստվենք երկու մասնակցով՝ Արսեն Հարությունյան եւ Վազգեն Թեւանյան: Երկուսից էլ ունենք օլիմպիական մեդալների ակնկալիք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Ստամբուլում անցկացված վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հայաստանի հավաքականից մասնակցեցին Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) եւ Լյովա Գեւորգյանը (125 կգ)։ Նրանց չհաջողվեց ուղեգիր նվաճել։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցեն Արսեն Հարությունյանը (57 կգ) եւ Վազգեն Թեւանյանը (65 կգ):

«Ստամբուլի վարկանիշային մրցաշարում մեզ պակասեց փորձը: Դժվար էր: Մեկնելուց առաջ էլ էի նշել, որ շատ բարդ է լինելու: Չստացվեց: Այդ քաշային կարգերում դեռ խնդիրներ ունենք, փորձի պակաս ունենք: Տղաները երիտասարդ են, դեռ կունենանք ուժեղ ըմբիշներ եւ հաջողություններ այս քաշերում: Այն, որ մրցաշարը Թուրքիայում էր, առանձնապես լարվածության մթնոլորտ, տղաների մոտ լարվածություն չկար այդ առումով: Թուրքիայում շատ ենք մասնակցել մրցաշարերի: Իրականում մենք ենք այդ խնդրի վրա կենտրոնանում, լարվում: Միայն մեզ համար են մեր խնդիրները: Նրանք չեն էլ նկատում, որ այդպիսի խնդիր կա, չկա: Մենք հորինել ենք ինչ-որ մի խնդիր ու տառապում ենք այդ խնդրով: Գիտենք, թե ամբողջ աշխարհին մեր խնդիրը հետաքրքիր է:

Օլիմպիական վարկանիշային մրցաշարում զուտ փորձը պակասեց մեր տղաների մոտ: Մեծ մրցակցություն էր, բոլորը օլիմպիական ուղեգրի համար էին պայքարում:

Ունենք Օլիմպիական խաղերի երկու մասնակից: Երկուսից էլ մեդալի ակնկալիք ունենք: Արդեն ժամանակն է: Իսկապես երկուսն էլ ունեն մեդալ նվաճելու հնարավորություն: Տեսնենք, թե ինչպես կստացվի:

Ստամբուլից նոր ենք վերադարձել: Այս մեկ շաբաթը թիմին եւ տղաներին հանգիստ ենք տվել, հաջորդ շաբաթվանից արդեն ըստ ծրագրի կպատրաստվենք Օլիմպիական խաղերին»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու օլիմպիականներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը ուղեգրերը նվաճել են 2023 թվականի աշխարհի առաջնությունում:

Եվրոպայի քառակի, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում 57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Մեյրամբեկ Կարթբային՝ նվաճելով երրորդ բրոնզե մեդալն ու Փարիզ-2024-ի ուղեգիր:

Նույն առաջնությունում 65 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը 5:1 հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սակուլտային՝ նվաճելով բրոնզե մեդալ եւ օլիմպիական ուղեգիր:

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով